Գեղամասարում հարաբերական անդորր է, չգիտեմ՝ ինչքանով է լավ բան սպասվում. համայնքապետ
Գեղամասարում վիճակն այս օրերին հանգիստ է, բայց կարծում եմ, սա հարաբերական անդորր է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը:
Նրա հաղորդմամբ՝ այս օրերին թշնամին թիրախավորել է հատկապես Սոթքը և հարակից գյուղերը, որտեղից կանայք և երեխաները դեռևս տարհանված են: Ըստ նրա՝ հատուկ տարհանում չի կազմակերպվել, բնակիչները իրենք են դուրս եկել սահմանամերձ բնակավայրերից և տեղափոխվել բարեկամների տներ:
Գեղամասարի համայնքապետը հայտնեց, որ զոհերի և վիրավորների մասին ստույգ տեղեկություններ չկան, բայց ընդգծեց, որ թշնամու հրետակոծությունների հետևանքով ավերածությունները շատ են, մեծ թվով բնակավայրեր և քաղաքացիական օբյեկտներ են փլուզվել: