Իրանի նախագահ Ռաիսին պահանջում է երաշխիքներ, որ ԱՄՆ-ն դուրս չի գա նոր միջուկային գործարքից
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Թեհրանին պետք են երաշխիքներ, որ ԱՄՆ-ն այլևս չի հրաժարվի միջուկային գործարքից։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
Իրանցի քաղաքական գործչի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նոր միջուկային գործարք կնքել միայն նման երաշխիքների առկայության դեպքում։
«Մեզ երաշխիքներ են պետք։ Եթե երաշխիքներ լինեին, ամերիկացիները չէին կարողանա դուրս գալ գործարքից (2018թ.): Բայց ամերիկացիները դրժեցին իրենց խոստումները։ Դա արեցին միակողմանի: Այժմ խոստումներ տալն անիմաստ է դառնում»,- ասել է Իրանի առաջնորդը։