Պուտինը ստորագրել է Խերսոնի և Զապորոժիեի մարզերի անկախությունը ճանաչելու հրամանագրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել՝ ճանաչելով Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունն ու ինքնիշխանությունը։ Փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը այս որոշումը կայացրել է միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան։ Այս մասին գրում է tass.ru-ն:
Ուկրաինայի այս շրջանների մեծ մասը գրավված է ռուսական զորքերի կողմից։ Այսօր, ինչպես և սպասվում էր, Պուտինը փաստաթղթեր կստորագրի դրանց Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։ Ռուսաստանի օրենսդրությամբ այդ շրջանները անկախ պետությունների ճանաչումը դրա համար անհրաժեշտ քայլ է:
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, Պուտինը Կրեմլում ստորագրելու է չորս նոր տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին համաձայնագրեր։
«Միջազգային համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան, ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, հաշվի առնելով Խերսոնի մարզի ժողովրդի կամքը, որոշում եմ կայացրել հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքները` Խերսոնի մարզի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու վերաբերյալ»,-ասված է ՌԴ նախագահի հրամանագրում։
Նմանատիպ հրամանագիր էլ ստորագրվել է Զապորոժիեի մարզի ինքնիշխանության և անկախության ճանաչման մասին։
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները: