«Չեմ կարող ասել այս պահին»․ Առողջապահության նախարարը՝ զոհվածների չնույնականացված մարմինների թվի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Բաքվից Երևան տեղափոխված 17 հայ ռազմագերիների հարցին։ Նրա խոսքով՝ նրանցից մի քանիսն այս պահին բուժհաստատությունում են։
«Մեր զինծառայողները գտնվում են Պաշտպանության նախարարության հոսպիտալում։ Անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ընթացքն անցնելուց և, եթե կարիք լինի, նաև բուժական պրոցեսն անցնելուց հետո արդեն դուրս կգրվեն, մանրամասներ չեմ կարող այս պահին հրապարակել»,- ասաց Ավանեսյանը։
Լրագրողների այն հարցին, թե զինծառայողների մոտ առողջական ինչ խնդիրներ կան, որ բուժումը ոչ թե ամբուլատոր, այլ հիվանդանոցային պայմաններում են ստանում, առողջապահության նախարարը պատասխանեց․ «Անպայման չէ, որ մարդու վիճակը վատ լինի, կա նաև հիվանդանոցային հետազոտությունների ծավալ, որը պետք է իրականացվի այդ պայմաններում։ Երբ անհրաժեշտ բժշկական օգնության ծավալը ստանան՝ արդեն դուրս կգրվեն։ Որևէ բան բժշկական օգնության ծավալի մասին չեմ կարող ասել այս պահին»։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերին, լրագրողներն Անահիտ Ավանեսյանին հարցրին, թե արդյոք այս պահին կան մարմիններ, որոնք նույնականացված չեն, և անհրաժեշտություն կա արտերկիր փորձանմուշ ուղարկել։
«Մեր գնահատմամբ՝ այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու։ Մեր մասնագետների և տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է հետազոտություններն իրականացնելու։ Այո՛, որոշները դեռ ընթացքի մեջ են, և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,- պատասխանեց նախարարը՝ չբացահայտելով, թե խոսքը քանի մարմնի և մասունքի մասին է։
«Չեմ կարող ասել ձեզ այս պահին»,- ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում