Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելք են հանդիսանում, որ ընկերությունները մեծանան. էկոնոմիկայի նախարար
Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելք են հանդիսանում, որ ընկերությունները մեծանան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք վիճակագրությունից տեսնում ենք, որ ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ 40 ընկերությունից մեկը դառնում է խոշոր, Հայաստանում 500-ից մեկն է դառնում խոշոր»,- ասաց Քերոբյանը:
Նա նշեց, որ իրենք այժմ աշխատում են, որ ստեղծեն միասնական համակարգ, որտեղ ընկերության աճին զուգընթաց հարկային բեռը սահուն կավելանա և ընկերությունները մեծ խոչընդոտ չեն տեսնի մեծանալու մեջ:
«Քիչ են ընկերությունները, որ մի հարկային ռեժիմից տեղափոխվում են ավելի բարձր հարկային ռեժիմ, որովհետև այդ անցումը ֆինանսապես շատ թանկ է նստում նրանց վրա, հետևաբար, իրենք ծվարում են առաստաղներից մի քիչ ներքև շրջանառության մեջ»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ դրա վերաբերյալ իրենք շուտով առաջարկ կներկայացնեն: