ԲԴԽ անդամի պաշտոնում շատ ավելին կարելի է անել, քան արդարադատության նախարարի. Կարեն Անդրեասյան
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ավելի շատ բան կարելի է անել, քան արդարադատության նախարարի։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության մասին քննարկման ժամանակ, ասաց թափուր պաշտոնի թեկնածուներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, արդար դատական համակարգի ստեղծման մասին է։
«Քաղաքացիները վերջին 30 տարում հոգնել են լսելուց, որ դատարաններն այլևս այնպիսին չեն լինի, ինչպիսին վերջին տասնամյակների ընթացքում էին։ Հոգնել են նաև իմ խոսքերից, քանի որ ես այդ մասին ասում եմ մոտ 20 տարի։ Ես չեմ ասում, թե քիչ բան է արվել այն բանի համար, որպեսզի մենք մեր երազանքի դատարաններն ունենանք։ Այնուամենայնիվ, անգամ ներկա իշխանությունն է քանիցս ասել, որ դատական համակարգի փոփոխությունները բավարար չեն»,- ասել է Անդրեասյանը։
Նախկին նախարարը խոստացավ, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կգործի հնարավորինս արդար։
«Իսկ դա միանգամայն բավական է այն բանի համար, որպեսզի ավելին անեմ դատական համակարգի համար, քան բոլոր նախկին պաշտոններում։ Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը։ Եվ սա իրապես իմ երազանքին մոտենալու հնարավորություն է»,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը։