Մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում. Նիկոլ Փաշինյան
Նոր շերտեր են բացում 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները: Քննչական կոմիտեում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կա սովորական նախաքննություն, որի արդյունքները և նպատակները սովորաբար իրավակարգի, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պահպանումն է, 44-օրյա պատերազմի հետ կապված նախաքննությունը, ենթադրում եմ, պիտի ևս մի շերտ ավելացնի այս գործընթացին, որ իրականում սովորական պայմաններում Քննչական կոմիտեի և նախաքննության հետ որևէ կապ չի ունեցել, կամ առնվազն այդ դիտանկյունին հաճախ չէ, որ որևէ ուշադրություն ենք դարձրել»,- ասել է Փաշինյանն ու ավելացրել. «Այդ գործերը կարևոր են ինքներս մեզ ճանաչելու, մեր խնդիրները ճանաչելու, ընդհուպ մեր սոցիալ-հոգեբանական ոլորտի շերտերի մեջ խորամուխ լինելու, ընդհուպ մեր պետության հիմունքների և տեսությանն առերեսվելու և առնչվելու առումով: Եվ հենց այստեղ է, որ քննությունը, որ ասացի, պետք է շատ ավելի սկզբունքային լինի, որովհետև այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում:
Ըստ նրա՝ այս գործերի նախաքննության մեջ այդպիսի մի շերտ էլ կա, որին մենք առնչվում ենք միայն, այսպես ասած, աղմկոտ գործերի հետ: Դա շատ կարևոր է, որովհետև նախաքննությունը, մեծ հաշվով միայն քրեական գործերի քննությունը շատ մեծ տեղեկություն է տալիս մեր մասին, մեր հանրային հարաբերությունների մասին, պետություն-հանրություն հարաբերությունների մասին, պետության և հանրության հարաբերությունների, շահերի, նրբությունների և որակի մասին, և սա նույնպես շատ կարևոր գործառույթ է և ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հասել ենք այսպիսի շերտերի: «Դա իհարկե կախված է իմ առաջին մասում ասվածի հետ: Երբ կա սկզբունքային քննություն, երբ կա վճռականություն՝ գնալ փաստերի հետևից մինչև վերջ, այդ փաստերի հետևից գնալու ճանապարհին մենք լրացուցիչ, գուցե մեզ համար անսպասելի բացահայտումներ ենք անում ինքներս մեր մասին, մեր պատմության մասին, մեր պետական ինստիտուտների գործունեության մասին, մեր պետության հիմունքների տեսությունների մասին: Եվ ես ուզում եմ այսօր ընդգծումն անել»,- ասել է նա: