Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, կիսել են բոլոր դժվարությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, ես համոզված եմ, որ հետագայում էլ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները շարունակվելու են»:
Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն: