Երբ ասում ենք բոլորը, այդ բոլորի մեջ կանայք էլ են մտնում. Փաշինյանը՝ կանանց զինվորական պատրաստվածության մասին (տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բանակի անցման նպատակը մեկն է՝ հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա: Այս մասին կառավարության նիստում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ սա պետք է լինի պարտադիր բոլորի համար: Սուրեն Պապիկյանն ընդգծեց նաև, որ հաճախ կանանց կողմից դիմումներ են ստանում։
«Արդեն մշակված ծրագիր ունենք, ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- ասաց Պապիկյանը։
Ըստ նրա՝ ծառայությունը ոչ միայն մարտական հերթապահությունն է, այլ մարտական պատրաստականությունը:
Փաշինյանն էլ նորից նշեց, որ երբ ասում ենք բոլորը, այդ բոլորի մեջ կանայք էլ են մտնում:
«Երբ ասում ենք բոլորը, բոլորը դա բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք հիմա չենք կարող դա միանգամից անել, բայց պետք է փուլային եղանակով խնդիրը դնենք և լուծենք, սա շատ լավ առիթ է։ Հասկանում ենք, որ պետք է բոլոր պայմանները ստեղծվեն, որ բոլորի տակ հասկանալով բոլորին՝ ժամկետն այնպես կդասավորենք, որպեսզի անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծենք»,- ասաց նա: