Իտալիայի ԱԳՆ-ն հուսով է, որ Էրդողանը կհամոզի Պուտինին դադարեցնել հատուկ գործողություններն Ուկրաինայում
Իտալիայի փոխարտգործնախարար Բենեդետտո Դելլա Վեդովան ասել է, որ Իտալիայի ԱԳՆ-ն հուսով է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհամոզի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է РИА «Новости» գործակալության հետ զրույցում։
«Եթե Էրդողանը կարողանա համոզել Պուտինին դադարեցնել ներխուժումը և դուրս բերել զորքերը, ես կարծում եմ, որ դա հաջողություն կլինի»,-ասել է նա։
Դելլա Վեդովան հույսը դնում է այն բանի վրա, որ Պուտինը «կօգտվի ճիշտ բան անելու հնարավորությունից»՝ դադարեցնելով հատուկ գործողությունը։
«Սա կարող է լինել առաջին քայլը, բայց մենք պետք է համոզվենք, որ այս պահին խաղաղ բնակչության դեմ նոր հրթիռներ չարձակվեն»,- հավելեց փոխնախարարը։