Դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան
Եկել ենք այստեղ՝ շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ով նույնպես պատվիրակության կազմում է։
«Ոչ միայն արցախահայությունը, այլև ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, առերեսվում ենք իսկապես գոյաբանական մարտահրավերների։ Շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ, ներկայացնենք մեր տեսակետը, տեղեկանանք տարբեր գործընթացների մասին՝ բանակցային, խորհրդարանական դիվանագիտություն, երկկողմ հարաբերություններին առնչվող։ Ազնիվ ձևով քննարկել ենք ամենաբարդ հարցերը, մեզ համար շատ կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպմանը և ՀՀ-ի ու Ադբեջանի միջև փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը՝ Արցախի ԱԳ նախարարն ասաց․ «Պարզաբանումներ եղան, դեռ լինելու են։ Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և նաև ողջ հայության համար, կարծում եմ, անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս»։
Նա նկատեց նաև, որ դեռ պետք է հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ։
«Գլխավոր դերակատարը, բնական է, վարչապետն է»,- ասաց նա։