Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի Ադրբեջանի հետ բոլոր քննարկումների մեջ․ Ալեն Սիմոնյան
«Քննարկել ենք Մոսկվա կատարած իմ այցը, ներկայացրի հանդիպումները, քննարկումները, լսեցի մեր գործընկերներին: Շփումները, կարելի է ասել, գրեթե ամեն շաբաթ կան»: ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, այսպես գնահատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախից Երևան ժամանած պատվիրակության հետ հանդիպումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագրին», ապա Սիմոնյանը չի կարծում, թե դրա մեջ պետք է որևիցե հիշատակում լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա նաև նշեց, որ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի խնդիրը։
«Միգուցե, առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել»,- հայտարարեց Սիմոնյանը:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հարցը՝ Սիմոնյանն արձագանքեց. «Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին»: