Ուկրաինան և Ֆրանսիան համաձայնագիր են ստորագրել՝ ֆրանսիական արտադրողներից զենքի ուղղակի գնման համար
Ֆրանսիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել 100 միլիոն եվրոյի չափով հիմնադրամ ստեղծելու մասին՝ Կիևի կողմից ֆրանսիական արտադրողներից զենքի ուղղակի գնման համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը։
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հոկտեմբերի 13-ին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման շրջանակում, համաձայնագիր են ստորագրել Ուկրաինային աջակցելու հատուկ հիմնադրամի ստեղծման մասին»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կշարունակի ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին և կպատրաստի նրանց զինվորականներին։