Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը կարող է երկարացվել․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իր իսկ խոսքով, շատ է ցանկանում, որ ոչ միայն ԵՄ ներկայացուցիչները, այլև Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները ևս գան ու հայ-ադրբեջանական ամբողջ սահմանով կանգնեն, որպեսզի տեսնեն Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքները։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հրահրված հարձակմանը, ապա, ըստ Ալեն Սիմոնյանի, այդ պատերազմի նպատակները լիովին այլ էին։
«Շնորհիվ մեր բանակի, ադրբեջանցիների նպատակները չիրականացան»,- նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ի պատերազմում Ադրբեջանը մոտավորապես 2-3 անգամ ավելի շատ զոհ է ունեցել:
«Իմ տվյաներով՝ Ադրբեջանի զոհերի քանակը 431 է, կարող եք հրապարակել այս թիվը՝ ինձ հղում անելով»,- ասաց նա: