Գնում եք, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, պարո՛ն Ավինյան․ տգեղ է․ Իզաբելլա Աբգարյանը հորդորեց չհրապարակել պաշտոնյաների ֆոտոսեսիաները
«Քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը և քաղաքացիների հետ շփումն ունի մեկ հստակ ուղղվածություն, այն է՝ Ձեր քարոզարշավը կազմակերպելը, պարոն Ավինյան»։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Նա նաև անդրադարձավ քաղաքապետարանի կայքէջում հրապարակվող լուսանկարներին, որոնք կապված են Ավինյանի քարոզարշավային շրջագայությունների հետ։
«Ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ եք դուք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, որովհետև դուք որևէ կապ չեք ունեցել ոչ այդ նախագծի հետ, ոչ՝ մյուսների: Սա նոր օբյեկտի բացում էլ չէր, լավ է՝ ժապավեն չէիք կտրել: Այս տարակուսանքը միայն իմը չէ»,- ասաց Աբգարյանը։
Նա հիշեցրեց, որ ուսումնասիրում է հանրային կարծիքներ և իր այդ փորձով նաև 2018-ին կիսվել է Տիգրան Ավինյանի հետ:
«Ուստի մի արեք նման բաներ, թե չէ՝ մեր բակում էլ արդեն մի քանի ամիս է աղբարկղ են դրել, բայց պոլիէթիլենային թաղանթը չեն հանում՝ էն տան պուլտերի պես, կարող եք գալ դա էլ հանել, նկարվել»,- հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը:
Ավագանու անդամը քաղաքապետարանի լրատվության բաժնին հորդորեց երևանցիներին հետաքրքրող լուր հրապարակել, այլ ոչ թե պաշտոնյաների ֆոտոսեսիաները, քանի որ այդ երևույթը տգեղ է: