Բրյուսովի համալսարանի շենքում Թուրքիայի դեսպանատուն բացելու խոսակցությունները անլուրջ են․ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ
Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցությունները անլուրջ են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
«Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունը այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում որևէ գործողություններ չեն նախատեսվում։ Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, որոնք հայտարարվել են կառավարության անդամների կողմից։ Բայց կոնկրետ ծրագրեր, կոնկրետ համալսարանների շենքերի հետ կապված, չկան։ Համալսարանների շենքերը մեծավմասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով»,- ասաց Ավետիսյանը։
Վերջինս նշեց, որ գույքի տնօրինման առումով կարճաժամկետ նպատակներ չկան այս պահին։Անդրադառնալով բիզնես նպատակով պետական գույքի օգտագործման վերաբերյալ հարցին, Ավետիսյանն ասաց․ «Բիզնես նպատակով շենքերի օգտագործման մեջ ոչ մի սարսափելի և անթույլատրելի բան չկա, այսինքն, եթե լինեն ազատ շենքեր, կառավարությունը և պետգույքի կառավարման կոմիտին կմտածեն այդ գույքի հետագա օգտագործման օպտիմալ տարբերակը, այդ թվում՝ օտարում, վարձակալում, այլ կազմակերպություններին տրամադրում և այլն»։
Հարցին՝ կա՞ն Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում պետական գույք են ձեռք բերել, Ավետիսյանը ասաց, որ ոչ։