Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով․ Հայաստան-Իրան-Հնդկաստան պլատֆորմ է ձևավորվելու
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հայտարարեց՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հարցը հայ-իրանական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում։ Նա հայտնեց նաև, եռակողմ հարթակ է ձևավորվելու՝ ճանապարհի հետ կապված ծրագրերը կյանքի կոչելու համար։
«Համակարծիք ենք, որ հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը, այն դերը, որը նա կարող է ունենալ այս միջանցքի ծրագրում, պետք է ձևակերպել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»,- ասաց Իրանի արտգործնախարարը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հավաստիացրեց՝ Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով։
«Մենք, Իրանը և Բուլղարիան արդեն նախաստորագրել ենք համաձայնությունը։ Բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, նաև այնպիսի երկրների, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում։ Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի նաև Հնդկաստանի համար, և մենք կկարողանանք, ի վերջո, հասնել այս գաղափարի կենսագործմանը»,- ասաց Արարատ Միրզոյանը։