Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է «12 սուրբ վարդապետների» հիշատակության օրը. Ռուբեն Մելիքյան
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է «12 սուրբ վարդապետների» հիշատակության օրը։ Այս մարդիկ են, որ մի քանի դարերի ընթացքում ստեղծել են քրիստոնեությունը բացատրող ու հասկանալի դարձնող ուսմունքների «ողնաշարը»՝ ուսմունքներ, որոնք կենդանի են մինչ օրս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրչել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ո՛չ Հովհաննես Ոսկեբերանը, ո՛չ Կյուրեղ Ալեքսանդրացին, ո՛չ Եպիփան Կիպրացին, ո՛չ էլ մյուս 9 վարդապետները հայ չեն եղել։ Նրանք եղել են հույներ, ասորիներ, հռոմեացիներ։ Այնուհանդերձ, հայ եկեղեցու վարդապետությունը մեծապես կերտվել է հենց այս մարդկանց գաղափարներով՝ իմաստավորվելով ու տեղայնացվելով արդեն մեր եկեղեցու վարդապետների կողմից՝ Հովհան Օձնեցուց մինչև Ներսես Շնորհալի ու Գրիգոր Տաթևացի։
Իսկ այսօր մենք ի՞նչ գաղափարներ ունենք ընդօրինակելու արևմուտքից։ Ցավոք, այդ հորդառատ գաղափարական գետը արագ տեմպերով ցամաքում և վերածվում է մերթ ակնհայտ պղծությունների քարոզի, մերթ ազատ խոսքը «պոլիտկոռեկտությամբ» ոչնչացնելու գործարանի, մերթ մարդուն իր արմատներից ու ինքնությունից զրկելու համակարգի, մերթ սպառողականությունը աստվածացնելու ուսմունքի…
«Նոր գինին հին տիկերում չեն պահում», - ասում է Քրիստոս։ Իսկ որտե՞ղ է «նոր գինին»։ Որտե՞ղ են նոր գինի տվող այգիները»,- գրել է նա: