Բանգլադեշի դպրոցում կրթության մակարդակը ցածր է, Չեխովի դպրոցում՝ բարձր․կրթությունը դարձնում ենք վիճակահանությո՞ւն․ Աղազարյան
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը վստահ է՝ առաջին դասարանցիների դպրոցի ընտրության էլեկտրոնային տարբերակը զուտ նրա համար է, որովհետև բոլորը կամ շատերն ուզում են գնալ Չեխովի դպրոց։
«Պարզ, հասարակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ուզում գնալ Չեխովի դրպրոց՝ որովհետև Բանգլադեշի դպրոցում, ենթադրաբար, կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում բարձր է: Էհ, դա էլ է վատ։ Այնպես անենք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի: Կրթությունը դարձնում ենք վիճակահանությո՞ւն»,-ասաց նա ԱԺ-ում՝ իր ելույթի ժամանակ։
Նա չգիտի՝ Չեխովի դպրոց հաճախող աշակերտը վաղվա տաղանդավոր երեխանե՞րն են, թե՞ ոչ, բայց վստահ է, որ եթե Բանգլադեշում մնացած երեխաների համար ևս ճիշտ կրթություն ապահովեն՝ կկարողանային լինել տաղանդավոր և ապագայի համար ավելի օգտակար:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է կրթության ոլորտի հերթական դրամաշնորհային համաձայնագրի հաստատումը։ Նախարարությունից խոստանում են, որ այս ծրագրով բարեփոխումներ կիրականացնեն։ Քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վարկը մարվելու է 14,5 տարի հետո, իսկ մինչ այդ միայն կվճարվեն տոկոսները։