Լավ, բա մեր երկրում բահ, քլունգ չի՞ եղել, որ ինժեներական աշխատանք կազմակերպեն ու պաշտպանություն ապահովեն. Սեյրան Օհանյան
Ցավալի է, երբ 2020 թվականի պատերազմում պարտություն կրեցինք, բայց բազմակի անգամ ցավալի է, որ այդ պարտությունների շարանը շարունակական է այսօր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից 2020-ից հետո 127 քկմ կորուստ է եղել, Փաշինյանը խոսում էր 51 քկմ տարածքի մասին։
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը պետք է ճշգրիտ հաշվարկ կատարի և ներկայացնի հանրությանը, թե ինչ տարածքների կորուստի մասին է խոսքը։ Նա ընդգծեց, որ վերջին բախման մասին խոսելիս՝ հայկական կողմը խոսում է տարբեր հատվածներում մոտավորապես 50 դիրքի կորստի մասին։
«Իհարկե, ամենամեծ հանցագործն Ադրբեջանն է, բայց նաև հանցագործություն է, երբ 2 տարի է՝ սեփական երկրի իշխանությունները պետական, ռազմական կառավարման համակարգերում լուրջ որոշումներ չեն ընդունել, չեն կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա իր գործընկերների հետ եղել է սահմանամերձ գյուղերում և վստահեցնում է, որ սահմանային բնակավայրերի բնակիչներն իրենք են խնդրել ընդգրկվել պաշտպանական կառույցների սարքավորման, խրամատավորման գործում, բայց իշխանությունը բոլորին չի ընդգրկում։
«Խոսում են զենք չմատակարարելու մասին։ Ես դրա մասին տեղեկություն չունեմ, բայց լավ, բա մեր երկրում բահ, քլունգ չի՞ եղել։ Մեր երկրում զգալի շինարարական, ինժեներական ներուժ կա, բավականին լուրջ քանակությամբ կազմակերպություններ, որոնց հետ կարելի է պայմանագրեր կնքել, ապահովել նրանց աշխատանքը և երկրի պաշտպանությունը կազմակերպել»,- ասաց Պաշտպանության նախկին նախարարը։