Սա ճանապարհ չէ. հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի. Վահրամ Բալայանը՝ Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում: Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:
Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:
Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...:
Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»: