Կարևոր է ԵԱՀԿ-ի դերակատարությունը հետագա ագրեսիաների կանխման համար. Մարուքյանը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ դերակատարությունը` հետագա ագրեսիաների կանխման և հակամարտությունների կարգավորման հարցերում։