Ալիևի և Փաշինյանի միջև ուղիղ երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու բանալին է. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը երկկողմ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Այդ պատճառով պետքարտուղար Բլինկենը սեպտեմբերին Նյու Յորքում հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր ԱԳ նախարարներին»,- նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»։
Պետքարտուղարության ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը, որի նախապատրաստման մասին նախապես հայտարարվել էր Կրեմլում և ՌԴ ԱԳՆ-ում։ «Վերջին հաշվով, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն, թե արդյոք նախագահ Պուտինի հրավերը օգտակար կլինի նրանց համար այս տեւական խաղաղության հասնելու համար»,- ասել է Փրայսը։
Նրա խոսքով, Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության հարցում ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ն է ցուցաբերում, չկա։