Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժումից հետո վերականգնողական աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն է սկսել. Սանոսյան
Ադրբեջանի ագրեսիայից տուժել են ինչպես բնակավայրեր, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքը։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել ջրամբարներին, էլեկտրահաղորդագծերին, ճանապարհներին, գազատարներին։
«Նախարարությունը փորձել է սեղմ ժամկետներում վերականգնել ագրեսիայի պատճառով հասցված վնասը։ Առաջին հերթին կատարվել են էլեկտրագծերի և գազատարների նորոգման աշխատանքները»,- տեղեկացրել է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ Իրան տանող բարձրավոլտ էլեկտրագծերի վերականգնման ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել։ Ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն է սկսել, հենց որ աշխատանքներ էին իրականացվում, և ստիպված դրանք դադարեցվել են։
«Հաջողվել է աշխատանքը շարունակել միայն 10-12 ժամ հետո»,- ասել է նախարարը։