Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
«Գնահատելով այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական Միությունը մեր մարզում՝ ընդգծել եմ իրականացված ծրագրերը հասանելիությունը մեր ազգաբնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք։ Տիկին դեսպանի հետ զրույցում ևս մեկ անգամ նշեցի, որ պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը։ Վստահ եմ՝ այստեղ կհաջողենք։
Անդրեա Վիկտորինն էլ իր հերթին ընդգծեց՝ կարևորում է մեր համագործակցությունն ու շեշտեց՝ ամենևին պատահական չէ, որ այսօր Շիրակ այցելած պատվիրակության բոլոր անդամները կանայք են, քանզի իրենք նպատակ ունեն քաջալերելու և աջակցելու կին ղեկավարներին։
Ուրախալի է, որ Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրին, շարունակում են մնալ ԵՄ օրակարգում, ինչը վերահաստատեց տիկին Վիկտորինը։
Հանդիպման ժամանակ անդրադարձել եմ նաև շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ջանքերը խնդրի լուծման հարցում։ Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղության լիարժեք հաստատման ուղղությամբ, ինչի ապացույցը ԵՄ դիտորդական առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը: