Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռված է Սյունիքը վերցնել․ նրա համար ամենայուղալի պատառը Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
«Հիմնական քարոզչական թեզն այն է, որ ասում են՝ եկեք Ռուսաստանից անջատվենք, քանի որ մտերմացել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսինքն՝ դու այդ երկու պետություններին համարում ես թշնամի: Ստացվում է, որ ՌԴ-ին քշելով, դու մնում ես թշնամիների հետ մենակ»։ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթին:
Վազգեն Մանուկյանը նկատում է, որ ամբողջ Սյունիքը շատ կարևոր է թուրքախոս ժողովուրդների համար․ «100 տարի առաջ էլ էր այդպես։ ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է»,- ասաց նա։
Մանուկյանի դիտարկմամբ, Ռուսաստանը խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռված է Սյունիքը վերցնել, բայց սկզբում բավարարվել նաև միջանցքով։
«Որոշ դեպքերում կարող է բավարարվել միջանցքով, մտածելով՝ ուշ, թե շուտ միջանցքը կդարձնի ամբողջություն, այսինքն՝ ամբողջ Սյունիքը կվերցնի: Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ նաև Սյունիքում: Խոսակցություններ են գնում, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում այդ միջանցքի վերահսկողությունը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին միջանցքը պետք չի, նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չի:
«Ես լինեի, այդ ճանապարհը չէի բացի: Հայաստանն ամբողջությամբ շրջափակված է, ու ամբողջ վեճը գնում է այն մասին, որ Սյունիքով Ադրբեջանը միանա Նախիջևանին: Բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն և պետք է լինեն այն պետությունների սուվերեն իրավունքների տակ, որոնց տարածքով անցնում են»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։