Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի» մասնագիտությունը. Արտակ Զաքարյան
Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի» մասնագիտությունը: Քաղաքագետի, թուրքագետի, արաբագետի, արևելագետի, ճարտարագետի և այլ փորձագետերի կողքին կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև «դավաճանագիտության» համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Միևնույն է, մի օր պետք է պարզվի, թե ինչու և ինչպես են Հայաստանի թավշյա իշխանությունները տապալել Հայ ժողովրդի` զոհողություններով ու հերոսություններով լեցուն երեսնամյա պայքարը:
Ինչպես և ինչու են հասել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցի քննարկմանը:
Ինչպես և ինչու են բարոյալքել, պարտության մատնել հերոսական ուղի անցած և կայացած Հայկական բանակին:
Ինչպես և ինչու են հակառակ գնացել իրենց իսկ հռչակած «հեղափոխության արժեքներին»:
Ինչպես և ինչու են անտեսվել և\կամ ստորացման ենթարկվել իրենց իսկ ընտրած ժողովրդի անքակտելի իրավունքները:
Ինչպես և ինչու են ադրբեջակական օկուպացիայի հասցրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները:
Ինչպես և ինչու են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա և այլն:
Հարցադրումների և հիմնախնդիրների մի ամբողջ համախմբություն է ի հայտ գալու պատմագիտության և քաղաքագիտության համար, որի ուսումնասիրողները, կամա թե ակամա, դառնալու են «դավաճանագետ»»,- գրել է Զաքարյանը։