Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 123. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Երեկ թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ սեպտեմբերից Հայաստանն աշխատում է ՌԴ-ի հետ, սակայն նույն ՀՀ ղեկավարության և տարբեր իշխանական գործիչների կողմից հնչում էին հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր:
Դրան զուգահեռ, չնայած սեպտեմբերից բանակցություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին նաեւ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այսինքն՝ մի կողմից բանակցում էր Ռուսաստանի հետ, մյուս կողմից ընդունեց արևմտյան տարբերակը: Մեկ այլ հանգամանք ևս. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, դեռ 2018 թվականին հայտարարում էր, թե Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ և այլ հարցերում ևս միայնակ որոշում երբեւէ չի կայացնի և ամեն ինչ կքննարկի հայ ժողովրդի հետ:
Սեպտեմբերից ռուսական կողմի հետ բանակցելն ու այդ մասին չհայտարարելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի և չի կատարում իր խոստումները, հետեւաբար կրկին խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: