Մոսկվան քիչ է հարգում Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունը. Նեդ Փրայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը չի մեկնաբանել Բաքու-Երևան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ջանքերը՝ պատասխանելով ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի եռակողմ բանակցությունների մասին հարցին։
«Ես ուղղակիորեն չեմ մեկնաբանի Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Բայց ես կասեմ, որ այս երկու երկրները պետք է որոշեն, թե ինչ մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին: Կարծում եմ, որ աշխարհը գիտի Ռուսաստանի պատմության մասին, երբ խոսքը վերաբերում է իր հարևաններին»,- ասել է Փրայսը։
Նրա խոսքով՝ Մոսկվան քիչ է հարգում իր հարեւանների ինքնիշխանությունը, ուստի հազիվ թե երկարաժամկետ հեռանկարում վստահելի գործընկեր լինի։
Փրայսը ասել է, որ սա կտրուկ հակասում է ԱՄՆ-ի գաղափարներին։ Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռնությանը տևական և համապարփակ խաղաղության միջոցով, որին այդքան ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները։
«Մենք տասնամյակներ շարունակ նրանց գործընկերներն ենք եղել, Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության և անկախության ավելի մեծ ջատագով չկա, քան ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ն միայն ցանկանում է, որ Բաքուն և Երևանը վարեն արտաքին քաղաքականություն՝ անկախ Մոսկվայից կամ աշխարհի որևէ այլ երկրից»։
«Մենք խոսեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանդիպեն ցանկացած ձևաչափով, որն իրենց համար առավել օգտակար է, մենք նրանց հստակ ասել ենք այդ մասին, և մենք իսկապես հավատում ենք երկխոսության միջոցով խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար», - ավելացրել է նա։