Եթե աշխարհում կա երկիր, որը Արցախը չի համարում Ադրբեջանի մաս՝ թող արտահայտվի. բոլոր պետություններն Արցախը համարում են Ադրբեջանի մաս. Փաշինյան
«Այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա պետական սահման, և այդ սահմանը խախտված է»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ իրենց նպատակը խաղաղ զարգացման դարաշրջանը բացելն է:
«Մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ իմի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է Արցախի հարցին, ապա Փաշինյանը վստահեցնում է, որ միջազգային հանրությունը ևմ ընդհանրապես, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:
«Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է», - ասաց նա: