«Նիսյայով պիվա խմողները եկել են իշխանության․ աշխատավարձն իրենց համար գերագույն արժեք է»․ Սաղաթելյանը՝ ՔՊ-ականների մասին
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հստակեցնում է՝ ընդդիմությունն իշխանությանը չի թողել մենակ, որ ինչ ուզում է՝ գնա ու անի։ Պարզապես ընդդիմությունը հայտարարել է, որ կապիտուլյացյիայի գործընթացում իրենք չեն միանում իշխանությանը ու չեն գնում ԱԺ։ Այս մասին Սաղաթելյանը հայտարարեց ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով հարցին, թե ստանո՞ւմ են պարգևավճարներ, Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ չեն ստանում, աշխատավարձերն էլ պահումներով են ստանում։
«Ես որքանով տեղյակ եմ մեզնից պահված աշխատավարձերն իրենց պարգևավճար են տալիս։ Բայց այս իրավիճակում էնքան երկրորդական է այդ պարգևավճարը, աշխատավարձը։ Մարդիկ, որոնք մինչև իրենց պաշտոնյա դառնալը ոչ մի բանով չեն զբաղվել, ոչ մի բարիք չեն ստեղծել, նիսյայով պիվա խմողները եկել են իշխանության, դա իրենց համար գերագույն արժեք է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ իշխանական պատգամավորները նաև մանիպուլյացիների են ենթարկում ժողովրդին, թե՝ ընդդիմությունը չի աշխատում, աշխատավարձ է ստանում։ Իշխան Սաղաթելյանը նկատում է, որ այդ հայտարարություններով իշխանությունը հեռացնում է ժողովրդին բուն խնդրից՝ այն, որ իրենց անգործունեության ու դավաճանության արդյունքում տարածքներ են հանձնվել թշնամուն։