Հակառակորդը կրակոցներով փորձում է կանխել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ԶՈՒ ԳՇ պետ
Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան և հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվար Ասրյանը:
«Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաև Սոթքի ուղղություններով, Վայոց ձորի մարզում էլ Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան և նպատակային, և եղանակային անբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաև նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում:
Ինչ վերաբերում է նպատակային խախտումներին, հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, և դրանով նաև մենք ենք փորձում կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները»,-ասել է նա: