Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ միջանցքում լրագրողների հարցին պատասխանելով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում հնչեցրած հայտարարությունը։
Ըստ Ալեն Սիմոնյանի ենթադրությունների՝ Բելառուսի ժողովրդին ևս դուր չի եկել իրենց նախագահի ելույթը։
«Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ճշտող հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով, որ Լուկաշենկոն չի հայտարարությունների հեղինակը, Սիմոնյանը պատասխանեց․ «Կարող է Ալմաթայից, Բաքվից, Մոսկվայից լինել, բայց հաստատ ինքը չի մտքերի հեղինակը։ Ես կարծում եմ, որ ինքը շատ-շատ ներքին խնդիրներ ունի։ Ես ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքական խաղ էր անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։
«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է», - ասել էր Բելառուսի նախագահը: