Իրանը պատրաստ է օգնել Ռուսաստանին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները
Իրանական ապահովագրական ընկերությունները ռուսական կողմի հետ միասին ստեղծել են ընկերությունների հատուկ խումբ, որը գլխավորում է Իրանի պետական կենտրոնական ապահովագրական ընկերությունը՝ Bimeh Markazi-ն։ Նրանք կօգնեն ապահովագրել նավթի փոխադրմամբ զբաղվող ռուսական նավերը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Իրանական ապահովագրողները պատրաստ են ծառայություններ մատուցել ռուսական և արտասահմանյան ընկերություններին, որոնք զբաղվում են ռուսական նավթի ծովային փոխադրմամբ։ Այսպիսով, Իրանը պատրաստ է օգնել Ռուսաստանին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, որոնք ենթադրում են ֆինանսական, ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների մատուցման արգելք։
Ավելի քան 12 իրանական ընկերություններ կներգրավվեն ռուսական նավերի ապահովագրությամբ, որոնց բաժին է ընկնում իրանական շուկայի մոտ 48%-ը, իսկ ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 27,6 մլրդ դոլար։