Որակյալ կադրերի սղություն և լիազորությունների խնդիր կա․ Արցախի պետնախարար
Մենք որոշակի հաջողություններ ունեցել ենք՝ թե՛ համակարգը, թե՛ բնակաբանար ես, սակայն ես ինքս բավարարված չեմ հաջողություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներն ընդհանրապես որակյալ կադրերի սղությունն է, իսկ հաջորդ խնդիրը, որը կրկին Բեգլարյանն օբյեկտիվ համարեց, համակարգի՝ համակարգային փոփոխություններին անպատրաստ լինելն է։
«Այսինքն՝ ընթացակարգեր, չափորոշիչներ, որոնք արդյունավետ կերպով չեն կիրառվում և որոնք շատ հաճախ փոփոխվում են։ Դրանք էլի կադրերի հետ են կապված։ Իսկ սուբյեկտիվ՝ ներքին խնդիրներից է կաշկանդվածությունը։ Սա ինձ չի վերաբերում, քանի որ ես կարող եմ ասել, որ ամենաքիչ կաշկանդվող պաշտոնյաներից եմ։ Մյուս կողմից նաև լիազորությունների խնդիր կա, որ հատկապես վերևի օղակների նշանակումներով։ Այնպես չէ, որ ես շատ լիազորություններ ունեցել եմ և այդպես չէ, որ այդ որոշումները միայն կոնկրետ միայն պրոֆեսիոնալիզմի առումով են կայացվել․ հաշվի է առնվել ներկա իրավիճակը, քանի որ շատ հանգամանքներ ազդել են այդ որոշումների վրա։ Ամեն դեպքում, կրկին արձանագրում եմ, որ այստեղ ներքին խնդիրները շարունակվում են»,- ասաց Բեգլարյանը և հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին ավելի վճռական քայլեր կլինեն։