Թշնամին նորից ակտիվացել է. Ամեն օր մուղամ են միացնում. Խրամորթի գյուղապետը վստահեցնում է ՝ խուճապ առաջացնել չի հաջողվի
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներն արդեն 10-15 օր է, որ կրկին ստիպված են լսել թշնամու մուղամի ձայնը։ Գյուղապետ Զորիկ Աբրահամյանը գիտակցում է՝ թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի բնակիչների շրջանում խուճապ ու վախ առաջացնի։ Այդ փորձերը, սակայն, նրա վստահեցմամբ, որևէ արդյունք չեն տալիս։
«Օրվա ընթացքում մի քանի անգամ միացնում են իրենց երգերը, հիմնը։ Քիչ առաջ հենց էլի միացրել էին։ Սովորել ենք արդեն, քանի որ շատ լավ ենք հասկանում, որ դիտավորյալ են այդպես անում, որ ընկճվենք։ Սա մեր հողն է, պիտի պայքարենք, կյանքի գնով էլ լինի, պիտի պայքարենք, քանի որ սա արդեն մեր լինել-չլինելու հարցն է։ Ո՞ւր գնանք, տեղ էլ չկա գնալու. ամբողջ Հայաստան- Արցախը սահմանամերձ է արդեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Խրամորթի գյուղապետը։
Աբրահամյանն անկեղծանում է՝թշնամու սադրիչ քայլերին պատասխանելուց խուսափում է, քանի որ գյուղում նաև երեխաներ կան։ Գյուղացիների մոտ 90 տոկոսը, Աբրահամյանի խոսքով, վերադարձել են, հետ չեկածներն էլ առողջական խնդիրներ ունեն։
«Մարդիկ իրենց գործերով են զբաղված՝ այգի են մշակում, բերք են հավաքում, բայց բոլորն էլ մտահոգ են. չգիտեն՝ ինչ է լինելու վաղը։ Հույս եմ տալիս, ասում եմ՝ լավ կլինի։ Ի՞նչ անեմ բա, ուրիշ տարբերակ չունենք, բացի պայքարելուց ու համբերելուց»,-ասում է գոյւղապետն ու հավելում, որ սեփական հողում իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար նաև ամբողջ գյուղով գնացել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 30-ին կայացած հանրահավաքին։
2022թ. ապրիլից, երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Փառուխ ու Քարագլուխ եւ առայսօր շարունակում են դիրքավորված մնալ Քարագլուխ բարձունքի վրա, Խրամորթի առջև լուրջ անվտանգային խնդիրներ են ծառացել։