Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ էր մեռնել, հիմա մենք նույնպես պատրաստ ենք մահվան գնալ, եթե պետք լինի, էլի ցույց կտանք, Ալիևը՝ օկուպացված Շուշիում
Ադրբեջանը չի վախենում որևէ մեկից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով հայկական օկուպացված Շուշիում զինվորականների առաջ։
Նա մասնավորապես նշել է.
«Եթե ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը։ Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ էր մեռնել, բայց ոչ ետ դառնալ, ազատություն կամ մահ: Հիմա մենք նույնպես պատրաստ ենք մահվան գնալ՝ պահանջելով այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում։ Եթե պետք լինի, էլի ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք, սա բոլորը գիտեն, սա պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի մեր սահմանների մոտ։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել։ Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիության քաղաքականություն վարել, ապա առաջին հերթին պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթները։ Երևանը պետք է անկեղծ լինի Բաքվի հետ խաղաղ բանակցություններում. Նա չպետք է արհեստականորեն ձգձգի ժամանակը, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա ու կկռվի իր տեղը։ Նրանց փոխարեն ոչ ոք չի գա ու չի կռվի, եթե անգամ գան, միևնույն է, իրենց դիմաց կտեսնեն ադրբեջանական բանակը»,- ասել է Ալիևը։