Ալիևը հաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշիում՝ փաստացի հաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստը։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի համար։
«Մենք նրանց այս դասը տալիս ենք, և հուսով ենք, որ նրանք վերջապես կհասկանան դա և կզբաղվեն իրենց ներքին գործերով, կդադարեն տենչալ մեր հողերը, Ղարաբաղը։ Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավորապես են։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը»,- ասել է Ալիևը։
Ալիևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը տեղայակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։
«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը»,-ասել է Ալիևը։