Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն․ Նիկոլ Փաշինյան
Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Կառավարության այսօրվա նիստն սկսելուն պես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունը, ինչպես նաև միջազգային մի շարք հարթակներում ձեռք բերած պայմանավորվածություններ։
«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել մի շարք հարթակներում, զուգահեռաբար փորձում են կառուցողական երևալ և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականում ապացուցել, ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44–օրյա պատերազմի հետևանքով»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի կոպիտ խախտում է։
Փաշինյանի խոսքով, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև՝ ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն։