Շուռնուխի դպրոցն ուղիղ ադրբեջանական դիրքի վերահսկողության տակ է․ Թաթոյան
Կապանի Շուռնուխ գյուղում ադրբեջանցիներն իրենց ապօրինի տեղակայումներում որոշակի փոփոխություններ են արել ու ավելի լավ ամրացել։ Այս մասին ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Փաստահավաք առաքելության շրջանակում Շուռնուխում եղած ժամանակ նա գյուղի դպրոցի լուսամուտից լուսանկարներ է դիմացի ադրբեջանական դիրքը։ Դպրոցն ուղիղ ադրբեջանցիների վերահսկողության տակ է։
Թաթոյանը պատմում է, որ դիրքի մոտ սպիտակ մեծ տառերով ադրբեջանական բառ էր գրված։ Նա մասնագետների հետ պարզել է՝ այն խիստ ազգայնամոլական նշանակություն ունի։
«Այն թարգմանաբար նշանակում է՝ առաջ, հայրենիք։ Սա շատ ազգայնամոլական կոչ է, 1930-ական թվականներին է առաջ եկել, պարունակում է ագրեսիայի, մարտակոչի տարրեր։ Աթաթուրքի ժամանակներից եկող արտահայտություն է, բերել են ու տեղադրել հենց դպրոցի դիմաց։ Երբ դպրոցի մոտ այդ թվով դիրքեր են բերում, տեղադրում, ո՞րն է նպատակը, խաղաղությո՞ւնը»,- ասաց Թաթոյանը։