Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ չվերթների իրականացման խոչընդոտների վերացման հարցերը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էին նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարության եվրասիական և արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և իսրայելական գործարար շրջանակների փոխայցելությունների միջոցով տեղում ծանոթանալու համագործակցային ոլորտների գործունեությանը և հնարավոր հեռանկարներին։