Առանձնատնից գողություն է կատարվել. ահազանգից 2 ժամ չանցած ոստիկանները գտել ու ձերբակալել են տուժածի հարևանին (տեսանյութ)
Ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ իր տնից գողություն են արել: Զվարթնոց թաղամասի առանձնատանն ավելի քան երկու շաբաթ մարդ չէր եղել, և վերադառնալով` տանտերը նկատել էր, որ հրել-բացել են եվրոպատուհանն ու գողացել ձեռքի ժամացույցներ և 1400 դոլար:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և արդեն ժամը 13-ին, ահազանգից երկու ժամ էլ չանցած, հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին տուժածի 48-ամյա հարևանին:
Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: