ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին Իրանի սպառնալիքների դեպքում. Պետդեպ
ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Իրանի հռետորաբանությանը վերջին օրերին տարածաշրջանում իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ։ Այս մասին գրում է Turan-ը։
«ԱՄՆ-ի համար շատ պարզ է, որ Իրանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Պատասխանելով հարցին, թե Բաքվի և Իրանի միջև վերջին շաբաթներին արդյոք կա՞ լարվածութուն, կապված Ադրբեջանի դեմ Իրանի մեղադրանքների հետ, և արդյոք ԱՄՆ-ն կաջակցի՞ Ադրբեջանին, Փրայսը պատասխանել է․ «Մենք երկկողմ կարևոր հարաբերություններ ունենք այդ երկրների հետ։ Դուք նշեցիք Ադրբեջանը։ Այս շաբաթվա սկզբին քարտուղարը հնարավորություն ուներ հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ։ Մենք կշարունակենք աջակցել գործընկերոջը և ի վերջո, հակազդել Իրանի ապակայունացնող ազդեցությանը՝ տարածաշրջանում և դրանից դուրս»։
Turan-ի թղթակիցը հետաքրքրվել է նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի՝ Իրան կատարած այցին, հարցնելով, թե արդյոք այդ այցն ավելի կոգևորի Իրանին, թե՞ ոչ։
Դիվանագետն ի պատասխան այս հարցին նշել է․ «Այս ամենը մտահոգիչ է գործընկերության և ինչ-որ տեղ աճող՝ Իրան-Ռուսաստան գործընկերության համատեքստում, որը մենք տեսել ենք, որ զարգանում է վերջին տարիներին, ամիսներին։ Սա աճող դաշինք է, որը ողջ աշխարհը պետք է դիտարկի որպես լուրջ սպառնալիք»։