Ռուսաստանը չի կարող դուրս գալ Ղարաբաղից՝ մինչև խաղաղապահ առաքելության լրացուցիչ երաշխիքներ չստեղծի. Փաշինյան
Սոչիում եռակողմ ֆորմատով աշխատանքային քննարկմանն ասել եմ, որ հիմա էլ պատրաստ եմ ստորագրել թուղթ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ժամկետի երկարաձգման մասին, բայց փոխըմբռնում չի եղել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 8–ի ելույթը Սոչիի հայտարարության խախտում է, որովհետև ընդամենը 8 օր առաջ Ադրբեջանի նախագահը ստորագրել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ խաղաղապահների գործունեությունը պահանջված է կայունության ապահովման համար, բայց 8 օր հետո նա խոսում է մի լեզվով, որը հակասում է այդ տրամաբանությանը։
Տեսականորեն հնարավոր է, որ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների գործունեությունը պահանջված չլինի։ Տեսականորեն, այո, հնարավոր կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն, այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև դրանք կյանքով պետք է փորձարկվեն։ Ռուսական խաղաղապահները առանց նման երաշխքիների հստակ ձևակերպման չեն կարող դուրս գալ, որովհետև նրանք Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա։ Այս որոշման մեջ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար։ Տեսականորեն, եթե ՌԴ–ն որոշի, որ ինքը դուրս է գալիս այդտեղից, նա մինչև էդ առաքելության լրացուցիչ երաշխիքները չստեղծի, չի կարող դուրս գալ այդտեղից»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ցանկանա այդ քայլին գնալ, նա պետք է դիմի ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդին, որն էլ այդ հարցը պետք է լուծի։