Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակի բարեփոխումներին
Բանակի բարեփոխման համար առաջնային պետք է զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս տարվանից մեկնարկում ենք բանակում ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողների աշխատավարձը առնվազն կրկնապատկվելու է։ Մենք խոսում ենք զինվորական կրթության մասին, արդեն որոշում ենք կայացրել, որ ռազմական համալսարաններ ընդունվողները ավարտելուց և իրենց ծառայության վայր նշանակվելուց հետո կստանան բնակարան, որը նրանք օտարելու հնարավորություն չեն ունենա մինչև իրենց ծառայության պայմանագրի ավարտը, որից հետո դա որպես սեփականություն կփոխանցվի այդ ծառայողներին»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, թե էական աշխատանքներ են տարվում Զինված ուժերում կանանց ներգրավածությունը ընդլայնելու ուղղությամբ։
«Մենք հայտարարել ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, հայտարարել ենք, որ առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա վեց ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության և արդեն այս բարձրացված աշխատավարձերից ստանալ և այդ սկզբունքով ծառայել առնվազն հինգ տարի։ Սրանք շատ խորքային ու բովանդակային փոփոխություններ են»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ փորձում են սպառազինության ձեռքբերման հնարավորությունները դիվերսիֆիկացնել։
Հարցին, թե մեր զենքի մատակարարման հետ կապված խնդիրը լուծվել է, Փաշինյանն ասաց, որ չի լուծվել, քննարկումները շարունակվում են։