Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է համաձայնել դառնալ ՔՊ վարչության նախագահը
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու համաձայնեց դառնալ ՔՊ վարչության նախագահ:
«Երբ ՔՊ կուսակցությունը ստեղծվել է, այն ժամանակ Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում: 2018-ի հեղափոխությունից հետո էլ այդ քննարկումները կային, թե արդյոք պետք է վերադարձ կատարել կիսանախագահական համակարգին, թե ոչ: Մեր կուսակցության ծրագրում արձանագրել ենք, որ խորհրդարանական համակարգը հարմար ենք համարում Հայաստանին: Հենց այդ համակարգն էր, որ մեզ հնարավորություն տվեց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո կոլապսից ու կործանումից փրկել մեր պետությունը:
Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում, ընդունված է, որ վարչապետը, ի վերջո, նաեւ կառավարող կուսակցության նախագահն է»:
Անդրադառնալով նրան, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան, Փաշինյանը նշեց, որ դա իրենց իրավունքն է՝ մասնակցել, կամ չմասնակցել ԱԺ աշխատանքներին. «Իմ մասով կարող եմ ասել, որ բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Ես համոզված եմ, որ ամբողջ տեղեկատվությունը, որ կա բանակցային գործընթացի մասին, որևէ մեկին այդ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո հիմք չի կարող տալ ասելու, որ մենք ՀՀ շահերին հակասող որևէ գործունեություն ենք իրականացրել»: