Եթե պետությունն անհարկի միջամտի փոխարժեքի հետ կապված, դրանից մեր տնտեսությունը միայն կտուժի ու կկորցնի. Փաշինյան
Եթե պետությունն անհարկի միջամտություններ իրականացնի փոխարժեքի հետ կապված, դրանից մեր տնտեսությունը միայն կտուժի ու կկորցնի: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ դրամի արժևորման պայմաններում արտահանող ոլորտները մեծ վնասներ են կրում:
«Այո, մենք տեղյակ ենք այդ մտահոգություններին և մեր տնտեսական թիմը, այդ թվում ԿԲ փորձագետները, անընդհատ քննարկում ենք; Կարծում եմ՝ մենք վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, և այդ քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ Հայաստանն ունի:
Բայց ես չեմ ասում, որ չպետք է լսենք գործարարների ահազանգերը: Մենք պետք է դրանք լսենք, վերլուծենք, և եթե կա օբյեկտիվ խնդիր, դրան պետք է արձագանքենք ճիշտ գործիքակազմերով: Որևէ կերպ Հայաստանը փոխարժեքին և ԿԲ դրամավարկային քաղաքականությանը չպետք է խառնվի: Հակառակ դեպքում շուկայական տնտեսության համարումը կկորցնենք»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք քաղաքացիները կզգան այդ տնտեսական աճն իրենց մաշկի վրա, նա պատասխանեց. «Այսօր էլ քաղաքացիները այդ աճն զգում են: Իհարկե, գնաճի հետ կապված խնդիր ունենք, բայց արդեն միջզգային զեկույցներում գրում են, որ Հայաստանում գնաճը տարածաշրջանում ամենացածրն է կամ ցածրերից մեկն է»: