2021թ.ի ընտրություններում Փաշինյանի խոստանում էր՝ «գնում եմ խաղաղություն հաստատեմ. հիմա ասում է՝ կներեք, ոնց որ թե չի ստացվում
Երեկ, իմ գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ու հասարակությանը խաղաղությամբ շանտաժ անելու, մոլորեցնելու նոր ճանապարհը: ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Նա հիշեցրեց Փաշինյանի հարցազրույցում հնչած թեզը, թե անկախության հռչակագիրը խնդրահարույց է ու պետք է վերանայել:
«Անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը, որով Հայաստանը հանձնառու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը», - ասաց Մելքոնյանը:
Անդրադառնալով իշխանության որդեգրած խաղաղության օրակարգին` թուրքագետը պնդեց, որ որևէ թուղթ, որևէ պայմանագիր չի երաշխավորելու խաղաղություն:
«Երեկ Փաշինյանն էլ ասում էր՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրեմ, 12 ժամ հետո պատերազմ սկսկի: Այսինքն՝ հենց ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում անել ու իր տեսությունն ինքն է հենց համարում սխալ, բայց դրանով գնում ընտրությունների», -ասաց Մելքոնյանը :
Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի խոստումը դա էր՝ «գնում եմ խաղաղություն հաստատեմ»:
«Հիմա էլ ասում է՝ կներեք, ոնց որ թե չի ստացվում խաղաղություն հաստատելը: Այս ամենը մեր պետությանն ու հասարակությանը տանելու է դեպի սպանդանոց, բայց պրագմատիզմի անվան տակ», - նշեց նա:
Մելքոնյանն ասաց, թե պայքարողներին, Հայաստանում տեղի ունեցածին չհամակերպվողներին անվանում են «ռևանշիստներ»:
«Եթե մենք ռևանշիստ ենք, ապա թող լինենք. ավելի լավ է լինել ռևանշիստ, քան՝ խաղաղություն մուրացող ու այդպես էլ այդ խաղաղությանը չհասնող», - ընդգծեց պրոֆեսոր Մելքոնյանը: