Շիրակի մարզպետն ընդունել է Կազբեկ Տայսաևին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվության բաժինը։
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Շիրակ Թորոսյանը՝ որպես պաշտոնական պատվիրակության հյուրինկալող կողմ, ևս ներկա են եղել հանդիպմանը:
Մարզպետը ողջունել է հյուրերին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությանն, ինչպես նաև Շիրակի մարզի հետ ՌԴ առանձին երկրամասերի ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՌԴ Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն և այդ առնչությամբ նոր քայլեր ձեռնարկելուն վերաբերող հարցերի։
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Շիրակի մարզպետին պատասխան այցով հրավիրել է Մոսկվա։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։