Նուբարաշենի խճուղում բախվել են Mercedes-ը, Nissan Tiidaն, Honda-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Նուբարաշենի խճուղում բախվել են Mercedes, Nissan Tiida, «Honda CRV» և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։